3.09.2013

Հարցերին պատասխանում է Հայ Առաքելական Սուրբ Երրորդություն եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Եսայի քահանա Արթենյանը 

-Տեր Եսայի, այս օրերին մեզանում լայն տարածում է գտել մի թեմա, ըստ որի` Հայաստանում նոր աղանդավորական կազմակերպություն է գլուխ բարձրացրել: Հայ առաքելական սուրբ եկեղեցին ի՞նչ լծակներ ունի հակազդելու դրան:
-Օրենսդրական առումով Հայ առաքելական սուրբ եկեղեցին ոչ մի լծակ չունի հակազդելու, բայց մենք ունենք աղանդների դեմ պայքարելու մեկ հնարավորություն` Հայ առաքելական սուրբ եկեղեցու քարոզն է: Ինչ վերաբերում է լծակներին, ապա եկեղեցին չէ, որ պետք է մտածի դրանց մասին, այլ` պետությունը, թե որեւէ կրոնական կազմակերպություն կամ աղանդ, որ գրանցվում է մեր կյանքում, որքանո՞վ է քայքայիչ, որքանո՞վ է մեր ազգային ինքնությանն ու գիտակցությանը դեմ: Կարծում եմ` Ձեր նշած թեմայի շուրջ այդքան մեծ աղմուկ բարձրացնելն էլ արդարացված չէ, որովհետեւ մենք սրանով նույնիսկ գուցե իրենց պատվե՞րն ենք կատարում: Եթե նոր կրոնական կազմակերպություն է եւ որոշել է գրանցվել Հայաստանում կամ արդեն գրանցվել է, ճանաչվելու խնդիր ունի, խնդիր ունի մարդկանց հասցնելու, որ այսպիսի կրոնական կազմակերպություն կա, եւ այս դեպքում իրենք օգտագործում են մեր բարձրացրած աղմուկը, ամեն պատեհ-անպատեհ առիթով խոսում ենք իրենց մասին: Գիտե՞ք, աղանդավորների մասին չխոսելն ամենալավ հակաքարոզն է :
-Այդ "նորաթուխ" կրոնական կազմակերպության առաջնորդն ասել է, թե իրենք Հայաստանում արդեն 10 տարի գործում են, եւ Հայ եկեղեցին 10 տարի ուշացել է: Նա այս հայտարարությունն արել է` ի պատասխան Հայ առաքելական եկեղեցու հովիվ Տեր Շմավոն քահանա Ղևոնդյանի ասածի, որ նոր աղանդ է մուտք գործել Հայաստան:
-Տա Աստված, որ մենք իսկապես ետ մնանք իրենց անուններն իմանալու, աղանդների մասին խոսելու հարցում: Առհասարակ, Հայ առաքելական եկեղեցին չի խոսում իրենց մասին, խոսում են որոշակի քաղաքական ուժեր կամ հասարակական նախաձեռնություններ: Իսկ եկեղեցին նման թեմաների վերաբերյալ երբեք աղմուկ չի բարձրացնում: Վերոնշյալ քաղաքական կամ հասարակական ուժերը գուցե իրենց ճի՞շտ են պահում` իրենց հայի կամ հավատացյալի պա՞րտքն են համարում խոսել: Հայ եկեղեցին շատ ավելի լուրջ եւ կարեւոր խնդիրներ ունի, քան թե աղանդի մասին խոսելն է:
-Մեր երկրում օրենքը թույլ է տալիս 200-ից ավել անդամ ունեցող կրոնական կազմակերպություններին գրանցվել: Դուք տեղյա՞կ եք` աշխարհում ամենուր այդպե՞ս է, նման օրենքներ շա՞տ երկրներում են գործում:
-Նման օրերնքներ շատ կան, ցանկացած կրոնական կազմակերպություն պետք է ունենա ֆիքսված թվով անդամներ եւ նոր միայն թույլտվություն ունենա գրանցվելու: Տարբերությունը թվերի մեջ է` մի երկրում 50 հոգի է, մեկ այլում` 200 եւ այլն: Նման հարցերն օրենսդրական մակարդակում են լուծվում:
- Հայ առաքելական սուրբ եկեղեցին երբեւէ դիմո՞ւմ է ՀՀ իշխանություններին` օրենքներում փոփոխություններ մտցնելու առաջարկով:
-Ճիշտն ասած, ես տեղյակ չեմ, թե որքանո՞վ է մեր օրենսդիր մարմինը դիմում Հհայ եկեղեցուն եւ որքանո՞վ է Հայ եկեղեցին դիմում օրենսդիր մարմնին, բայց կարծում եմ` Հայ եկեղեցին կարող է տեսակետ կամ դիրքորոշում արտահայտել մեր երկրում գործող որեւէ կրոնական կազմակերպության մասին, զգուշացնել, որ դա աղանդ է, բայց ոչ անընդհատ այդ մասին խոսել եւ այդ մարդկանց գովազդ անել:




Զրուցեց` ՍԻՐԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ



report.am

0 Մեկնաբանություններ:

Отправить комментарий

Related Posts Plugin for WordPress, Blogger...