4.15.2013

ՀՏ Հայկոն այցելեց Վանաձորի մանկատուն

Posted by Միություն բլոգ on 14:05:00 with No comments
Ինչպես շատերն են բնորոշում` <<հայկական ռեպի արքա>> ՀՏ Հայկոն երեկ <<Օգնենք Վանաձորի մանկատանը>> երիտասարդական շարժման կամավորների հետ այցելեց Վանաձորի մանկատուն: Որոշ ժամանակ պահանջվեց, որ երեխաները համոզվեն, որ մանկատուն այցելել է նույն ինքը` <<իսկական ՀՏ Հայկոն>>: 
Անկեղծ ասած` ինքս` Հայկոյին ուղղված բաց նամակի հեղինակս, նման արագ արձագանք չէի սպասում ռեպերից:
Հայկոն գրելուս նույն օրն արձագանքեց խնդրանքիս, և արդյունքում Վանաձորի մանկատան երեխաներն այսօր ՀՏ Հայկոյին իրենց հարցերն ուղղելու, նրա հետ լուսանկարվելու և ինքնագիր վերցնելու հնարավորություն ունեցան: Հայկոն երեխաներին նվիրեց իր ձայնասկավառակները, երիտասարդները` հագուստ, գրենական պիտույքներ ու խաղալիքներ: Ապա մանկատան երեխաները ներկայացան համերգային ծրագրերով` պարելով, երգելով Քրիստինե Պեպելյանի <<Մայրիկ>>, << Մարտիկի երգը>> և մի շարք այլ երգեր: Հանդիպման ժամանակ երեխաները կիսվեցին իրենց երազանքներով: Դրանք բազմաթիվ էին ու բազմապիսի` iphone4-ից ու համակարգչից մինչև Սոս սարգսյանին տեսնելը և լավ ընտանիքում ապրելը:
Մանկատան երեխաների երգելու խնդրանքին ի պատասխան` ՀՏ Հայկոն խոստացավ երկրորդ անգամ այցելել մանկատուն համերգային ծրագրով:
Օբյեկտիվ կդատեմ. օրվա միակ թերությունը դայակներից և վարչական աշխատողներից որոշների կոպիտ վերաբերմունքն էր, ովքեր վայրկյան առաջ իրենց թոռների համար Հայկոյից ձայնասկավառակ խնդրեցին (մենք խլել էինք նրանց հանգստյան օրվա թանկագին 2 ժամը):
Հանդիպման ավարտին տնօրենն արդեն տեղում չէր, իսկ փոխտնօրենն էլ Հայկոյի հեռանալուն պես խնդրեց մեզ լքել մանկատան տարածքը` պատճառաբանելով, որ խախտում ենք երեխաների օրակարգը (Վլադիմիրը դիմեց դայակին. <<Թողեք 5 րոպե էլ մնան էլի>>):
Չնայած ամենին` մենք խոստացանք, որ մեր այցերը հաճախակի են լինելու:
Ծովաչափ շնորհակալ ենք ՀՏ Հայկոյից և նրա ընկերներից` երեխաների օրը տոն դարձնելու և մեծ մարդասիրության համար:







Օգնենք Վանաձորի մանկատանը

0 Մեկնաբանություններ:

Отправить комментарий

Related Posts Plugin for WordPress, Blogger...