Աժ պատգամավոր Էդմոն Մարուքյանի հայտարարությունը.
«Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ հերթական նստաշրջանի չորսօրյա նիստերի յուրաքանչյուր չորեքշաբթի օրվա վերջին նիստում վարչապետը և Կառավարության անդամները, սույն օրենքի 105-րդ հոդվածով սահմանված կարգով, պատասխանում են պատգամավորների հարցերին: Նիստի տեսագրությունն ամբողջությամբ ցուցադրվում է սույն օրենքի 112-րդ հոդվածի 2.1-րդ կետով նախատեսված հեռուստաընկերությամբ նույն օրը` պատգամավորների հայտարարությունների հեռարձակումից անմիջապես հետո:
2013 թվականի ապրիլի 10-ի ԱԺ-Կառավարություն հարց ու պատասխանի ընթացքում իմ կողմից գրավոր ընթացակարգով ներկայացված հարց է հնչեցվել, որին պատասխանել է ՀՀ Ֆինանասների նախարարը, սակայն Հանրային հեռուստաընկերությունը, խախտելով Օրենքի վերոնշյալ պահանջը, հեռարձակվող ԱԺ-Կառավարություն հարց ու պատասխանից կտրել-հանել է իմ կողմից հնչեցված հարցն ու դրա պատասխանը:
Քանի որ ԱԺ-Կառավարություն հարց ու պատասխանի կրճատումները նոր երևույթ չեն Հանրայինում, ինձ չի զարմացրել այդ հանգամանքը, բայց զարմացրել է այն, որ այս քառօրյայի ընթացքում հայտարարությունների ժամ չի եղել, և հետևաբար դրա հեռարձակման կարիքն էլ չի եղել, ինչպես յուրաքանչյուր քառօրյայի ժամանակ, սակայն այդքան խնայված եթերային ժամանակն անգամ Հանրայինի ղեկավարությանը ետ չպահեց իմ կողմից հնչեցված հարց ու պատասխանը կտրելուց:
Սրանից հետևում է, որ քանի որ իմ կողմից հնչեցված հարցը վերաբերվում էր ՊԵԿ-ի կողմից իրականացվող ճնշումներին, Հանրային հեռուստաընկերությունը կամ վախեցել է եթեր հեռարձակել այն կամ էլ լավություն է արել ՊԵԿ-ին:
Ելնելով վերոգրյալից` բնականաբար դատապարտում եմ Հանրային հեռուստաընկերության նման գործելաոճը և բոլոր ԶԼՄ-ներին խնդրում եմ հարց ու պատասխանի տեսագրությունը հնարավորինս շատ տարածել, որպեսզի ստեղծված տեղեկատվական շրջափակումը վերացվի և հանրությունը տեղեկանա, թե ինչպես է աշխատում ՊԵԿ-ը և թե ինչպես պետք է պայքարել, եթե տնտեսվարողը հայտնվել է «Մհեր-Լիլուս» ՍՊԸ-ի կարգավիճակում:
Էդմոն Մարուքյան
ՀՀ ԱԺ պատգամավոր
Տեսանյութը` Այստեղ
0 Մեկնաբանություններ:
Отправить комментарий