4.07.2013

Ապրիլի 7-ը Սբ Աստվածածնի Ավետման տոն

Posted by Միություն բլոգ on 00:08:00 with No comments
Սուրբ Աստվածածնի Ավետման տոնը կատարվում է ապրիլի 7-ին: Ապրիլի 6-ի երեկոյան, ինչ օր էլ որ պատահի, նախատոնակ է արվում: Ապրիլի 7-ի գիշերը քահանաները զգեստավորված գալիս են ատյան և սկսում «Խորհուրդ անճառ» օրհնությունը: Օրվա երեքսրբյանն է. «Սուրբ Աստուած, սուրբ և հզօր, սուրբ և անմահ, որ յայտնեցար վասն մեր, ողորմեա՜ մեզ»: Աստվածամայր Նախաստեղծ Ադամը պատվվեց նրանով, որ Աստծու ձեռքով ստեղծվեց, իսկ Աբրահամը երանելի դարձավ, քանի որ Աստծու բարեկամ կոչվեց: Հակոբը գովաբանվեց, քանի որ ժուժկալությամբ Աստծու հետ գոտեմարտեց: Մովսեսը բարեբանվեց, քանի որ Աստծուն տեսավ: Մարգարեներն արժանացան Աստծու բարեհաճությանը, քանի որ Սուրբ Հոգով լցված՝ քարոզեցին Աստծու գալուստը: Երջանկացան առաքյալները, քանի որ մարմնացած Բանն Աստծուն երկրի վրա տեսան և շոշափեցին Կենաց Խոսքը: Իսկ Տիրուհին՝ Մարիամը, առավել գերազանց և հրաշափառ երանությունների արժանացավ, քանի որ Բանն Աստված, Ով վեր է, քան միտքը, հրեշտակների ու մարդկանց խոսքերը, նրանից ծնվեց: Նա, Ով նախքան ժամանակները Հորից է ծնվել, և Ում ծնունդը միայն Հայրը գիտի, Ով արշալույսից առաջ արգանդից ծնված Որդին է Հոր էությունից և փառքով աթոռակից է Նրան, Ով անստվեր Լույսն է և անմատույց Լույսի Հոր Ճառագայթը, նաև Ծնողի էության Կերպարանքն է, Նկարագիրը և աներևույթ Աստծու փառքի Ծագումը, Անսկիզբ Բանն՝ անսկզբնական Հորից, Աստված՝ Աստծուց, Տեր՝ Տիրոջից, Ում փառքը ցանկալի էր անմահների դասերին և բաղձալի՝ աստվածասեր մարգարեներին, Ում արդարները, թագավորներն ու նահապետները ցանկանում էին գոնե աղոտ կերպով տեսնել, բայց չկարողացան:
Ավետարանիչը նախ հայտնում է երկրի մասին և ապա գյուղի ու տան, որտեղ բնակվում էր Կույսը: Ամենասրբուհին Դավթի տնից էր, որից և նրա նշանածը՝ Հովսեփն էր սերում, քանզի ըստ Օրենքի՝ ամուսինները նույն ցեղից պետք է լինեին: Դրանով կատարվեց մարգարեությունը, ըստ որի՝ Քրիստոս Դավթի տնից պիտի ծնվեր: Եվ որպեսզի իմանանք, որ Հովսեփից չէր Մանուկը, Մատթեոս ավետարանիչն ասում է. «Հիսուս Քրիստոսի ծնունդն այսպես եղավ. Նրա մայրը՝ Մարիամը, որ Հովսեփի նշանածն էր, նախքան նրանց՝ իրար մոտենալը, Սուրբ Հոգուց հղիացած գտնվեց» (Մատթ. Ա 1: Մարիամն այս խոսքերից խռովվում է և իր մտքում խորհում, թե ի՞նչ կարող են նշանակել այդ խոսքերը, և սափորն առնելով՝ շտապ դառնում է տուն: Տանը հրեշտակի խոսքերից զարհուրած շարունակում է ինքնիրեն խորհել, թե ինչպե՞ս է ինքը շնորհընկալ, և ինչպե՞ս է Տերն իր հետ:
Եվ մինչ նա խորհում էր, Գաբրիելը, երիտասարդի կերպարանքով, հանկարծակի գալիս է տուն՝ Կույսի մոտ ու ասում.
«Ողջույն քեզ, Մարիամ, ո՛վ շնորհընկալ: Ուրախացի՜ր բերկրյալ, Տերը քեզ հետ է»:
Սուրբ Կույսը դարձյալ խռովվում է իր մտքում, և դրան որպես պատասխան հրեշտակը կարծես ասում է. «Մի՜ երկնչիր, Մարիամ, քանզի չեկա քեզ խաբելու, ինչպես օձը Եվային, իմ խոսքերը պատրանք չեն, այլ ավետիս: Չեմ խոսում քեզ խաբելու համար, այլ ավետիս եմ տալիս»:
«Նա այս խոսքերի վրա խռովվեց և մտքում խորհում էր, թե ինչ բան էր այս ողջույնը»:
Մարիամը զարհուրել էր հրեշտակի հայտնվելուց ու տագնապել ողջույնի խոսքից: Իսկ երբ լսեց Տիրոջ անունը, կարծես սարսուռ անցավ նրա հոդերի միջով: Այդ պատճառով է ավետարանիչը գրում, թե նա մտքում խորհում էր, թե ինչ է նշանակում այս ողջույնը:
Հրեշտակը, տեսնելով նրա երկյուղը, ասաց.
«Մի՜ վախեցիր, Մարիա՜մ, որովհետև Աստծուց դու շնորհ գտար»:
Հեզ ու հանդարտ խոսքերով հրեշտակը նախ հանդարտեցնում է Կույսի խռովված միտքը, որպեսզի հնարավոր լինի պատգամը ամբողջովին հաղորդել նրան, և կարծես ասում է. «Ահավասիկ շնորհ գտար ոչ բարի գործերիդ համար և ոչ էլ արդարության, այլ սա բարերար Աստծու պարգևն է: Թեպետև ունես բարի գործեր և արժանավոր ես, սակայն դա չի կարող համեմատվել այն պարգևի հետ, որն առաքվեց քեզ երկնքից: Եթե Աստծուց շնորհ ես գտել, ուրեմն Նրանն է ողջույնը: Հիրավի, սա շնորհ է, քանզի պարգևը պարտքի դիմաց չի տրվում և ոչ էլ մարդկային արժանիքների չափով, այլ եղածներից առավել մեծությամբ ու սքանչելիքներով»:
«Եվ ահա՜ դու կհղանաս և կծնես մի որդի ու նրա անունը Հիսուս կդնես»:
Տերը նախ մարդ չստեղծեց և հետո Աստվածությունը մտավ ու բնակվեց այդ մարդու մեջ, այլ՝ Աստվածությունը մաս վերցնելով Կույսի արյունից՝ գոյացավ մարմնում, ըստ այն խոսքի՝ «Բանը մարմին եղավ ու բնակվեց մեր մեջ» (Հովհ. Ա 14): Քանի որ Կենդանի Աստվածությունն իջավ Կույսի արգանդը և մեր բնությունից մաս վերցնելով, հրացած Աստվածությամբ ձևավորեց Իր Մարմինը, ըստ Իր բնության: Եվ ինչպես մարմինը Բանին խառնվելով չդադարեց մարմին լինելուց, այլ եղավ անշփոթելի մարմին, նույնպես և Աստվածությունը միանալով մարմնին՝ եղավ մարդ, առանց ապականության կրքերի և պահեց Իր իմանալի Բնությունն անպարագրելի ու անփոփոխ: Եվ այս ամենը եղավ Հոգու գործակցությամբ:
«Նա, Ով քեզնից է ծնվելու, Սուրբ է և Աստծու Որդի կկոչվի»:
Ասելով, թե Նա, Ով ծնվելու է քեզանից, Սուրբ է, դրանով հակադրում է անվայելուչ կարծիքներին: Ինչպես Հոգին Սուրբ է և չունի կարիք մաքրվելու, այնպես էլ Որդին չունի կարիք, որովհետև բնությամբ է սուրբ, ըստ անեղական Աստվածության:

Մարիամի այցելությունը Եղիսաբեթին
Մարիամը հրեշտակի մասին չպատմեց Հովսեփին ու նրա զավակներին, այլ թույլտվություն խնդրեց Հրեաստան՝ Եղիսաբեթի մոտ գնալու: Հովսեփն էլ իր որդիներից ու դուստրերից մի երկուսի ուղեկցությամբ ճանապարհեց Մարիամին:
Երբ Մարիամը ողջունեց Եղիսաբեթին, վերջինիս մանուկը խաղաց որովայնում, ինչպես Դավիթը պարեց Տիրոջ Տապանակի առջև (տե՜ս Բ Թագ. Զ 16): Երբ Եղիսաբեթը տեսավ Կույսին, ընկավ նրա առջև և օրհնեց նրան Եվայի բոլոր դուստրերի մեջ, (ինչպես և նրա Որդին է օրհնյալ Ադամի բոլոր որդիների մեջ): Եվ Ահարոնի դուստրը սկսեց մեծաձայն երգել հանդերձյալի մասին՝ ասելով. «Որտեղի՞ց ինձ այս ուրախությունը, որ իմ Տիրոջ մայրն ինձ մոտ գա»:
Իսկ Զաքարիան՝ նրա ամուսինը, դեռևս չէր կարողանում խոսել: Ամուսինները Կույսին մեծարանքով՝ երեք ամիս իրենց մոտ պահեցին, և Զաքարիան նրան պատվով կարգեց կույսերի տեղում: Իսկ երբ մոտեցավ Եղիսաբեթի ծննդաբերելու օրերը, Մարիամը վերադարձավ իր տուն:
Նրա ուղեկիցներն այս ամենից զարմանում են և ամեն ինչ պատմում Հովսեփին, որից նա հիանում է, քանի որ տեսնում էր նրա երեսը՝ Սուրբ Հոգով լի, պատկառելի ու տեսնողներին բաղձալի: Հովսեփը սքանչանում էր նրա պարկեշտ վարքով, քանզի սուրբ Կույսը մանուկ լինելով՝ ծերերից ու կատարյալներից անցել էր իր առաքինությամբ:
Վեցերորդ ամսին հայտնապես երևաց Մարիամի հրաշափառ հղությունը, սակայն նա պատկառանքից չհամարձակվեց Հովսեփին ասել հրեշտակի ավետիսի մասին, այլ ծածուկ աղոթում էր իր Որդուն՝ Աստծուն, որպեսզի Հովսեփին չզրկի Նրա հայրն անվանվելուց և Իրեն սպասավորելուց: Հովսեփը նայելով նրա հեզությանն ու ամոթխածությանը զարմանում էր հղության վրա: Մտածում էր չհանդիմանել սրբուհուն, սակայն տեսնում էր, որ շատերն են մատնացույց անում նրան: Եվ Հովսեփը խորհում էր նրան գաղտնի արձակել՝ երկու պատճառով. եթե նա հանցավոր է, ապա իր տանը չպիտի մնա, իսկ եթե Պտուղը Սուրբ Հոգուց է, ապա ինքն արժանի չէ Նրա հետ բնակվել: Այդ պատճառով էլ ասաց Մարիամին. «Երդվեցնում եմ քեզ Իսրայելի Տեր Աստծով. պատմի՜ր ինձ քեզ հետ պատահածը»:
Երբ Կույսը Հովսեփին պատմեց հրեշտակապետի ավետիսը, վերջինս ասաց. «Ո՞վ կարող է հավատալ այդպիսի խոսքերի, քանզի դրան նմանվող օրինակ չկա: Ո՞վ է տեսել կուսությունն ու մանկանը նույն որովայնում, հավիտենությունից ի վեր այդ չի եղել կանանց մեջ, որ կույսը հղանա առանց տղամարդու: Ինձ դժվար է հավատալ այդ նոր և օտար գործին, որի մասին ո՜չ բնությունն է վկայում և ո՜չ Գրքերը»:
Կույսը պատասխանեց. «Իմ խոսքերի վկայությունը դյուրությամբ կիմանաս և՜ Գրքերից, և՜ բնությունից: Ո՞վ ամուսնացավ կույս հողի հետ, որ ծնեց Ադամին: Եվ ինքը՝ Ադամը, ո՞ւմ մերձավորությամբ ծնեց Եվային: Ո՞վ ամուսնացավ ծառի հետ, որ ծնեց խոյին (տե՜ս Ծննդ. ԻԲ 13), և կամ ո՞վ մերձեցավ ժայռին, որից ջուր բխեց (տե՜ս Ելք ԺԷ 6): Ո՞ր հողը հղացրեց գավազանը խորանում (տե՜ս Թվեր ԺԷ , և կամ ո՞ւմ զորությամբ ջուր բխեց էշի ծնոտից (տե՜ս Դատ. ԺԵ 19): Եվ եթե բնությանը չես հավատում, որ ճշմարիտ է, լսիր սուրբ Գրքերին և հոգեշունչ մարգարեներին. «Ահա կույսը պիտի հղանա ու Որդի ծնի, և Նրա անունը պիտի լինի Էմմանուել» (Եսայի Է 14):
Հովսեփը հավատաց Մարիամին ու փառավորեց հրաշագործ Աստծուն, և ինչպես Պետրոսը Հիսուսի ծնկների առջև ընկավ ու ասաց. «Ինձանից հեռո՜ւ գնա, Տե՜ր, որովհետև ես մեղավոր մարդ եմ» (Ղուկ. Ե , այդպես էլ Հովսեփն էր խորհում. «Երբ Օզիան մոտեցավ Աստծու Տապանակին՝ ուղղելու համար, իսկույն մեռավ (տե՜ս Բ Թագ. Զ 6), և երբ Ահարոնի որդիներն օտար կրակ բերեցին խորան, բոցակեզ եղան (տե՜ս Ղևտ. ԺԶ 16): Արդ՝ եթե Մարիամը մնա իմ տան մեջ, ես և իմ որդիները կմեռնենք, իսկ եթե պատմեմ հրեաներին, չեն հավատա, քանի որ մարգարեներին էլ չհավատացին, այլ նրանց չարչարեցին և Աստծու բարկությունը բերեցին Իսրայելի վրա: Ավելի լավ է լուռ արձակեմ նրան և Սուրբ Հոգին, որ նրա վրա հովանի է, կպահի նրան»: Եվ մինչ նա այդպես էր մտածում, Տիրոջ հրեշտակը երազի մեջ երևաց նրան և ասաց.
«Հովսե՜փ, Դավթի՜ որդի, մի՜ վախեցիր քեզ մոտ առնելու Մարիամին՝ քո կնոջը, որովհետև նրա մեջ ծնվածը Սուրբ Հոգուց է» (Մատթ. Ա 20):
Խոսքի սկզբում մխիթարում է Հովսեփին՝ նրան Դավթի որդի ասելով: Հրեշտակը որոշ նշանակությամբ է Մարիամին «Հովսեփի կին» ասում: Ինչպես և Քրիստոս խաչի վրա ասաց Մարիամին. «Ո՜վ կին, ահա՜ քո որդին», ապա դառնալով Հովհաննեսին՝ շարունակեց. «Ահա՜ քո մայրը» (Հովհ. ԺԹ 26-27): Հովհաննեսն ու Մարիամը ո՜չ թե բնությամբ էին մայր ու որդի, այլ դրության բերումով: Նույնն էր և այս դեպքում: Եվ քանի որ Հովսեփը զարհուրել էր այդ սքանչելիքներից, դրա համար էլ ասաց «քո կինը» այն իմաստով, թե ինչպես որևէ այր առանց երկյուղի բնակվում է իր կնոջ հետ, նույն հարկի տակ, այնպես էլ դու նրա հետ բնակվի՜ր:
Երբ Հովսեփը իմացավ, որ չի կարելի արձակել Մարիամին, սկսեց նրան սպասավորել մեծ երկյուղածությամբ, ինչպես աստվածաբնակ տաճարի, և հակառակում էր բամբասող հրեաներին, վկայելով Մարիամի սրբությունը: Երբ Կույսի հղության լուրը հասավ քահանաներին, Հովսեփին ու Մարիամին տաճար կանչեցին՝ որպեսզի Հովսեփին հրապարակավ խոշտանգեն: Բայց նա արդարացրեց իր անձը և պատմեց Տիրոջ հրաշալիքների մասին: Քահանաները նույնը լսեցին նաև Մարիամի բերանից, սակայն չհավատացին, այլ տվեցին նրան ըմպելու հանդիմանության ջուրը , որն ատյանի առջև ըմպելով՝ անարատ գտնվեց, և ողջ Երուսաղեմը հիացավ:
Եվ համբերեց Կույսն ինն ամիս և հինգ օր, ըստ անդրանիկների հղացման տասնամսյա օրերի թվի: Քանզի Սողոմոնը մարգարեացել էր. «Ես մարմին եմ առել մոր որովայնում տասնամսյա ժամանակի մեջ» (Իմաստ. Է 2): Քանի որ Սողոմոնն անդրանիկ չէր, հետևաբար այդ խոսքը Քրիստոսի մասին էր ասել:
Հովհաննեսի ծննդյան օրը բացվեց Զաքարիայի բերանը և նա Տիրոջ անճառելի ծնունդից հետո Մարիամին տարավ տաճար ու կարգեց կույսերի տեղում, քանի որ ճշմարտապես անխախտելի պահվեց Մարիամի կուսությունը:
Դա առաջացրեց հրեաների ատելությունը: Բացի դրանից Զաքարիան վաստակեց նաև Հերովդեսի թշնամությունը, քանզի չկամեցավ Սրբության սրբոց մտնելու համար կաշառք տալ նրան: Հերովդեսն անօրենությամբ թագավորությունը վերցնելուց հետո տիրեց սրբությունների վրա և Օրենքը ոտնահարելով՝ ամեն տարի նոր քահանայապետ էր նշանակում և առանց կաշառքի թույլ չէր տալիս նրանց Սրբության սրբոց մտնել: Իսկ ըստ Օրենքի՝ մինչև քահանայապետի վախճանվելը՝ ոչ ոք իրավունք չուներ նրա տեղը գրավել: Բեթղեհեմի մանուկներին կոտորելուց հետո Հերովդեսը կամեցավ սպանել նաև Զաքարիայի որդուն՝ Հովհաննեսին, սակայն Զաքարիան նրան չհայտնեց մանկան տեղը և սպանվեց տաճարում՝ սուրբ Սեղանի առջև: Դրանից հետո տաճարում այլևս տեսիլքներ և հայտնություններ չէին լինում, և ժողովուրդն այլևս չէր ստանում իր հարցերի պատասխանները: Եվ այդ մասին է ասում Տերը. «Ես ձեզ մոտ ուղարկում եմ մարգարեներ, իմաստուններ ու օրենսգետներ. նրանցից ոմանց դուք պիտի սպանեք և խաչը պիտի հանեք. նրանցից ոմանց էլ պիտի տանջեք ձեր ժողովարաններում ու քաղաքից քաղաք պիտի հալածեք, որպեսզի ձեր վրա ընկնի մեղքը երկրի վրա թափված ամեն արդար արյան՝ արդար Աբելի արյունից մինչև արյունը Բարաքիայի որդի Զաքարիայի, որին սպանեցիք տաճարի և զոհասեղանի միջև» (Մատթ. ԻԳ 34-35):





Վահան Գևորգյան

0 Մեկնաբանություններ:

Отправить комментарий

Related Posts Plugin for WordPress, Blogger...