3.09.2013


Երգիչ, երգահան Դավիթ Ամալյանն անկեղծանում է, որ ինքը երբեք ինչ-որ «ստրուկտուրայի» չի պաշտպանել և այսօր էլ չի փորձում պաշտպանի կարգավիճակում լինել։ Ըստ նրա՝ իրենց գործը ոչ թե հանրահավաքին գլխաքանակ լրացնելը պետք է լինի, այլ իրենց գործը ազնիվ ձևով շարունակելը։

«Ուղղակի հասկացել եմ, որ պետությանդ ոտքի կանգնացնելու ձևը միտինգին կանգնելն ու գլխաքանակ լրացնելու մեջ չի, ես ինքս բոլորի առաջ խոնարհվում եմ՝ միտինգին կանգնած և պայքարի մեջ գտնվող բոլոր մարդկանց, բայց ես ներողություն եմ խնդրում, որ այս տարի չեմ գնացել և կանգնել նրանց կողքին, որովհետև գտնում եմ, որ իմ դեպքում պայքարի ձևն ուրիշ է»,- Tert.am-ի հետ զրույցում իր կարծիքն արտահայտեց նա։

Դավիթ Ամալյանի համոզմամբ՝ մշակույթի գործիչներն իշխանական և հակաիշխանական թևի բաժանվելով ընդամենը իրենք իրենց վնասում են։ Ավելին, ըստ նրա՝ քաղաքականությունից պետք չէ որևէ լավ բան ակնկալել, քանի որ, նրա համոզմամբ՝ ոչ միայն այդ գործիչներին են օգտագործում, այլ նրանց օգտագործել փորձող ուժերն են դրսից օգտագործվում։

«Սկի քաղաքականության մեջ լավ չի, որ Սերժին ու Րաֆֆիին են ներգրավել, ուր մնաց մշակույթի ներկայացուցիչներին քաշեն մեջը։ Նույն այս մշակույթի ներկայացուցիչներին ստիպված են ներգրավվել, որովհետև դրսից փող տվողները պարտադրում են նրանց, ասում են, որ հանկարծ իշխանությունը թողեցին սենց կանենք, նրանց էլ ասում են, չվերցրիք տենց կանենք»,- ասաց նա։

Երգիչը միաժամանակ ընդգծում է, որ ուրախ է, որ մարդիկ ընդվզում են, իրենց ձայնը փորձում են լսելի դարձնել։

«Ժողովրդին չեմ ուզում մեղադրել, ես ինքս ինձ մեղադրում եմ, որ ժողովրդի շարքերում չկամ, բայց համոզված եմ, որ նրանց ընդվզումը շատ ճիշտ ա ու անկեղծ, բայց ամեն դեպքում ես կուզեի հասկանալ, որ մենք պետության կողքը լինելու այսօր ավելի կարևոր խնդիր ունենք։ Ուրախ եմ, որ տենց ընդվզում կա, որովհետև լիքը օլիգարխներ կհասկանան, որ ամեն ինչ չի, որ իրենց մտածելակերպով է ու ցանկությամբ։ Բայց ամեն դեպքում ես այս պահին դրա ջատագովը չեմ»,-ասաց նա, ավելացնելով, որ նկատի չունի կանգնեն իշխանավորների կողքին։

«Նկատի ունեմ մեր բանակի, մեր պետության, անվտանգության կողքը լինեն։ Ես չեմ առաջարկում լինել ԱԺ նախագահ Աբրահամյան Հովիկի կամ Բաղդասարյան Արթուրի կողքը։ Ես տենց բան չեմ առաջարկում, ես առաջարկում եմ լինել մեր պետության կողքը, որի անունը Հայաստանի Հանրապետություն է»,- ասաց նա։

Իսկ, թե դրանով ինչ հարց կլուծվի, երգիչը նշեց, որ ճիշտ քայլն այն կլինի, որ «ամեն մեկն իր գործի մեջ փորձի բարոյական լինել»։

«Կապ չունի ընդդիմության դաշտում է, թե դիմության։ Իսկ գործի մեջ պետք է իրան չխաբի։ Այսինքն՝ մարդը կյանքում ինքն իրեն չխաբի, սիրել իմանա, իսկ եթե սիրել իմանա, արդեն պետությունն էլ ամուր կլինի, այդ դեպքում էլ լավ կլինի, ու մենք ոչ ընդդիմություն կունենանք, ոչ դիմություն, ոչ գռփող ու չռփող իշխանություն կունենանք, ոչ էլ պաշտոնի ձգտող ընդդիմություն»,- ասաց նա։

Իսկ, արդյոք ձեռքները ծալած սիրելով հարց կլուծվի՞, նա նշեց. «Ամեն դեպքում չարի հանդեպ անտարբերությունն ավելի մեծ ուժ է»։

«Հիմա ես կոնկրետ ներկայացման վրա եմ աշխատում և ինձ համար իմ բեմադրած ներկայացումն ավելի կարևոր ա, քան միտինգում կանգնելը»,- ասաց նա։

Դավիթ Ամալյանին նույնիսկ զարմացնում է այն, թե ինչու են այս կամ այն ուժն այդքան շահագրգռված նման հասարակական գործիչներին իրենց կողմը ներգրավել։

«Ես չեմ կարծում, որ օրինակ՝ ես որևէ խելոք բան կարող եմ ասել, որ հասարակությունը ինձ լսի։ Ես ո՞նց կարամ մտավորական լինեմ, մտավորականը Կոմիտասն է, Չարենցը, Թումանյանը։ Ես ընդամենը մասնագիտությամբ երգահան եմ, կարող ա մեր հարևան Մարտիկ «ձյաձյան» տեսակով ավելի մտավորական լինի, քան թե դաշնամուր նվագել իմացողը, նկարել իմացողը կամ երգչուհին, մտավորականությունն ուրիշ բան ա։ Հետո էլ մի բան ավել են ասում, մի բան պակաս, մնացածներն էլ ընկնում են ջաններիս»,- ասաց նա, բայց ընդգծեց, որ՝ « թե՛Ռուբեն Հախվերդյանին, ով միացել է Րաֆֆի Հովհաննիսյանին, և թե՛ Շուշան Պետրոսյանին քննադատողները թող խոսեն, մեկ ա նրանց արած գործն ա մնալու»։

0 Մեկնաբանություններ:

Отправить комментарий

Related Posts Plugin for WordPress, Blogger...