3.04.2013

Մարտի 3-ին Բուխարեստի Միքայել և Գաբրիել Սուրբ Հրեշտակապետաց եկեղեցում Սումգայիթի ողբերգության նահատակների հիշատակին մատուցվեց պատարագ և հետպատարագի հոգեհանգստի արարողություն` Ռումինիայի հայոց թեմի առաջնորդ Տաթև եպիսկոպոս Հակոբյանի նախագահությամբ և Ռումինիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Համլետ Գասպարյանի, Ռումինիայի Հայոց միության ներկայացուցիչների, մեծ թվով ռումինահայերի մասնակցությամբ: Այս մասին տեղեկացնում են ԱԳՆ-ից:
Պատարագից հետո Ռումինիայում Հայաստանի դեսպանության, Ռումինահայոց միության և Հայ առաքելական եկեղեցու Ռումինիայի առաջնորդարանի անունից ծաղկեպսակներ դրվեցին եկեղեցու բակում գտնվող խաչքար-հուշակոթողին:
Արարողությանը հաջորդեց «Սովորական ցեղասպանություն. Սումգայիթ» վավերագրական ֆիլմի ցուցադրումը Հայոց կենտրոնում, որից առաջ խոսքով ներկաներին դիմեցին Ռումինիայում Հայաստանի դեսպան Համլետ Գասպարյանը և Ռումինիայի հայոց թեմի առաջնորդ Տաթև Եպիսկոպոս Հակոբյանը:
Դեսպան Գասպարյանը, անդրադարձ կատարելով հայ ժողովրդի հանդեպ տարբեր ժամանակներում իրագործված ոճիրներին, ներկաների ուշադրությունը հրավիրեց Հայաստանի, Արցախի և Սփյուռքի առջև ծառացած նորօրյա մարտահրավերներին, մասնավորապես` Ադրբեջանի կողմից լայնորեն իրականացվող հակահայկական քարոզչությանը, որի մեջ, հսկայական ռեսուրսներ ներգրավելով, փորձ է արվում այլ երկրներում ևս խեղել դարերով ձեւավորված հայի դրական կերպարը, պատմահենությամբ և փաստերի խեղաթյուրմամբ հասնել տվյալ երկրներում սեփական ոճիրների քողարկմանն ու հասարակական կարծիքի փոփոխությանը` ի վնաս հայ ժողովրդի։ Այս առումով ՀՀ դեսպանը կոչ արեց ռումինահայերին համախմբվել և ակտիվ մասնակցություն ունենալ հայ ժողովրդի առջեւ ծառացած վերոնշյալ մարտահրավերների դիմագրավմանը։
Միջոցառման ընթացքում մասնակիցներին բաժանվեցին նաև սումգայիթյան ջարդերի 25-ամյա տարելիցի խորհրդով Ռումինիայի Հայոց Միության կողմից պատրաստված «Սումգայիթ-25» վերտառությամբ տեղեկատվական գրքույկներ։
Անցյալ շաբաթ Բուխարեստի ռումինալեզու «Ararat» հանդեսը հանդես էր եկել պատմության կեղծարարների դեմ սուր արձագանքներով և հիմնավոր փաստարկումներով, ռումին լրատվամիջոցներին և վերլուծական շրջանակներին տրամադրել տեղեկատու նյութեր:
Եգիպտոս
Մարտի 3-ին Կահիրեի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մատուցվեց Սուրբ Պատարագ և հոգեհանգստյան արարողություն` նվիրված Սումգայիթի ոճրագործության անմեղ զոհերի հիշատակին:
Պատարագի ավարտից հետո Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանը եգիպտահայ համայնքի հոգևոր հայրերի, թեմական և քաղաքական ժողովների ղեկավարության, ինչպես նաև հայ համայնքի ներկայացուցիչների ուղեկցությամբ ծաղկեպսակ զետեղեց եկեղեցու բակում գտնվող հուշարձանի առջև` ի հիշատակ Սումգայիթի անմեղ զոհերի:
Ֆրանսիա
Մարտի 2-ին Ֆրանսիայի Իզեր նահանգի ֆրանսահայ համայնքային կառույցների համատեղ նախաձեռնությամբ և Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության աջակցությամբ Գրենոբլ քաղաքի Մշակույթի տանը տեղի ունեցավ սումգայիթյան ոճրագործության զոհերի հիշատակին նվիրված երեկո։
Միջոցառման առաջին մասում ցուցադրվեց «Սումգայիթ. Սովորական Ցեղասպանություն» ֆիլմը` հեղինակ Մարինա Գրիգորյանի ներկայությամբ, որից հետո ներկաները հնարավորություն ունեցան նրան հարցեր ուղղելու։
Երեկոյի երկրորդ մասը նվիրված էր Արցախյան շարժման 25-ամյակին, որի ընթացքում բանախոսները ներկայացրեցին Լեռնային Ղարաբաղի ազատագրական պայքարի արդի փուլը, Արցախի հերոսական ժողովրդի երեկն ու այսօրը, իղձերն ու ակնկալիքները։
Միջոցառմանը ներկա էին տեղական ինքնակառավարման մարմինների բարձրաստիճան ներկայացուցիչներ, հասարակական-քաղաքական, լրագրողական շրջանակների ներկայացուցիչներ, ինչպես նաև հայ համայնքի բազմաթիվ անդամներ:
Լիբանան
Մարտի 3-ին Լիբանանի հայ առաքելական, կաթողիկե և ավետարանական բոլոր եկեղեցիներում մատուցվեց սուրբ պատարագ և կազմակերպվեցին հոգեհանգստյան արարողություններ` նվիրված սումգայիթյան եղեռնագործության 25-րդ տարելիցին:
Լիբանանում ՀՀ դեսպանության և Հայոց ցեղասպանության 100-ամյակի Լիբանանի Կենտրոնական մարմնի համատեղ նախաձեռնությամբ Սբ. Նշան եկեղեցու սրահում կազմակերպվեց սումգայիթյան եղեռնագործության անմեղ զոհերի հիշատակին նվիրված միջոցառում, որի ընթացքում ելույթով հանդես եկան Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը, Կենտրոնական մարմնի ներկայացուցիչ Հակոբ Գերգերյանը, Մերձավոր Արևելքում ԼՂ ներկայացուցիչ Կարո Քեբաբջյանը և Լիբանանի հայոց թեմի առաջնորդ Գեղամ արքեպիսկոպոս Խաչերյանը: Բանախոսներն անդրադարձան սումգայիթյան ջարդերի մանրամասներին, շեշտեցին միջազգային հանրության կողմից հայ ժողովրդի հանդեպ Ադրբեջանի իշխանությունների կողմից իրականացված հանցագործությունների և ջարդերի համապատասխան գնահատականի ու դատապարտման անհրաժեշտությունը:
Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանն իր խոսքում մասնավորապես նշեց, որ «Արցախի ժողովրդի քաղաքակիրթ և օրինական յուրաքանչյուր գործողությանը՝ սեփական իրավունքների ու ազատության պաշտպանության օգտին, հետևում էր բռնության ծավալում, հայ ազգաբնակչության իրավունքների զանգվածային և համատարած ոտնահարում, տնտեսական շրջափակում: Սումգայիթում հայերի դեմ ադրբեջանական իշխանությունների կողմից կատարված ջարդերը ամենադաժան էթնիկ զտումների և տեղահանման քաղաքականության դրսևորում էր: Միջազգային հանրությանը վերջնականապես և մեկընդմիշտ պետք է պարզ լինի, որ Ադրբեջանն է սկսել զինված ագրեսիան ընդդեմ Ադրբեջանում ապրող հայ ազգաբնակչության և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի: 25 տարի հետո մենք խոնարվում ենք սումգայիթյան անմեղ զոհերի հիշատակի առջեւ և համոզմունք հայտնում, որ հայերի հանդեպ կատարված հանցագործությունները, աննկարագրելի դաժանություններն ու եղեռնագործությունը կարժանանան համապատասխան գնահատականի և կդատապարտվեն ողջ մարդկության կողմից»:
Միջոցառմանը ներկա էին հայկական կուսակցությունների և ազգային կառույցների ղեկավարները, լիբանանահայ համայնքի  և լրատվամիջոցների ներկայացուցիչները:
Aysor.am

0 Մեկնաբանություններ:

Отправить комментарий

Related Posts Plugin for WordPress, Blogger...