3.23.2013


Անգլալեզու Armenian Weekly պարբերականն առանձնացրել է ամերիկյան WikiLeaks կայքի գաղտնազերծած այն փաստաթղթերը, որոնք վերաբերում են «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհանիսյանին: Խոսքն այն հեռագրերի մասին է, որոնք Հայաստանում ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչության աշխատակիցները տարբեր ժամանակահատվածներում ուղարկել են ԱՄՆ Պետքարտուղարություն՝ անդրադառնալով Հայաստանի ներքաղաքական կյանքում կատարվող իրադարձություններին:
«Թվում է, որ Հայաստանում միայն մեկ քաղաքական գործիչ կա, որը հասկանում է ժողովրդի հետ անմիջական շփումների կարևորությունը, և այդ քաղաքական գործիչն ԱՄՆ-ում ծնված Րաֆֆի Հովհաննիսյանն է որը, մեր կարծիքով, 2007թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ իրոք ընտրվել է ժողովրդի կողմից (նշենք, որ «Ժառանգությունը» 2007թ. մայիսին կայացած ընտրությունններում հավաքել է 6 տոկոս ձայն-Tert.am)»,- 2007թ. օգոստոսին ԱՄՆ արտգործնախարարությանն ուղղված հեռագրում գրել է Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ռուդոլֆ Փերինան:
Դիվանագետը շարունակելով գրում է, որ Հովհաննիսյանը (խոսքը 2007թ-ի մասին է) ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավոր մրցակիցն է՝ ընդդիմությունն առաջնորդելու հարցում: «Թվում է, որ այժմ Հովհաննիսյանը Հայաստանի նախագահական ընտրապայքարի (2008թ. ընտրությունների մասին է խոսքը-Tert.am) ամենամեծ «X ֆակտորն է»: Եթե նա կարողանա առաջադրվել նախագահական ընտրություններում (2008թ. Հովհաննիսյանին թույլ չտրվեց առաջադրել թեկնածությունը ընտրոություններում՝ պատճառաբանելով, որ նա վերջին 10 տարում Հայաստանի Հանրապետության քաղաքացի չի հանդիսացել-Tert.am), ապա կարելի է ասել, որ նա իրական շանսեր կունենա հաղթելու համար»,-նշել է ամերիկացի դիվանագետը:
Փերինան մեկ այլ հեռագրում էլ անդրադարձել է ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Մեթյու Բրայզայի և Հայաստանի ընդդիմադիր քաղաքական գործիչների միջև տեղի ունեցած հանդիպումներին (2007թ.)' նշելով, որ Հայաստանի ընդդիմադիր դաշտում Րաֆֆի Հովհաննիսյանը շատ է տարբերվում մյուսներից:
«Ի տարբերություն ընդդիմադիր շատ քաղաքական գործիչների, որոնք հանդիպել են ամերիկացի պաշտոնյաների հետ, Հովհաննիսյանը սիրում է խոսել ոչ միայն իր կուսակցության քաղաքականության, այլև երկրի արտաքին քաղաքական հարցերի մասին: Նա հանդիպման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի հետ հարաբերություններին ու նշել, որ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ բանակցությունններում հաղթանակելու ամենակարևոր բաղադրիչն անառարկելի լեգիտիմություն ունեցող նախագահ ու կառավարություն ունենալն է, ինչը, նրա խոսքով, Հայաստանի որևէ կառավարություն չի ունեցել Լևոն Տեր-Պետրոսյանի կառավարման առաջին տարիներից ի վեր:
Նա կարծում է, որ իրական հանրային լեգիտիմությունը հայաստանցի առաջնորդներին կտա շատ ավելի մեծ հեղինակություն՝ կարևոր ու կոշտ հարցերի առնչությամբ իրենց դիրքորոշում հայտնելու, այդ թվում՝ Ռուսաստանից ավելի անկախ դիրքորոշում ունենալու համար: Հովհաննիսյանը կարծում է, որ Հայաստանը պետք է ընթանա դեպի Եվրաատլանտյան միություն և կոտրի հայ-ռուսական հարաբերությունների «ուղղահայաց գիծը»,-գրել է Փերինան:
Ավելի ուշ՝ 2009թ., Պետքարտուղարությանն ուղարկած իր հեռագրերից մեկում Հայաստանում ԱՄՆ-ի այդ ժամանակվա դեսպան Մարի Յովանովիչը Հովհաննիսյանին բնութագրել է որպես «բացառիկ» քաղաքական գործիչ: «Հովհաննիսյանը բացառություն է Հայաստանի «կոշտ ու առանց կանոնների» քաղաքական կյանքում: Մինչդեռ Հայաստանում ծնված քաղաքական գործիչներն առաջ են գնում անազնիվ քայլեր անելով, Հովհաննիսյանը շարունակում է հավատարիմ մնալ Հայաստանի աղճատված քաղաքական մշակույթը փոխակերպելու իր ծրագրին: Անցած տարի նա չկարողացավ առաջադրվել նախագահական ընտրություններում (2008թ.-Tert.am) քաղաքացիության հետ կապված հարցերի պատճառով, և լայնորեն տարածված կարծիք կա, որ Հայաստանի իշխանությունները երբեք էլ բարեփոխիչ Րաֆֆիին թույլ չեն տալու բարձրագույն պաշտոններ զբաղացնել երկրում:
Րաֆֆիի հետ զրուցելիս այնպիսի տպավորություն ես ստանում, որ ինքն էլ է հասկանում, որ իր «գնացքն արդեն գնացել է», և նա այժմ աշխատում է երիտասարդ, բարեփոխումների ձգտող քաղաքական գործիչների պատրաստման ուղղությամբ, որպեսզի (նրանց միջոցով-Tert.am) տապալի այն քաղաքական աշխարհայացքը, որը կեղեքել է իր նախնիների հայրենիքը»-գրել է նախկին դեսպան Յովանովիչը:
Լուսանկարը՝ 2011թ-ի

http://topnews.mediamall.am

0 Մեկնաբանություններ:

Отправить комментарий

Related Posts Plugin for WordPress, Blogger...