Այսօր հայ Ճարտարապետ, երաժիշտ, կոմպոզիտոր, ռոք-երաժիշտ, բանաստեղծ, երգիչ, նկարիչ և պարզապես մտածող մարդու` Արթուր Մեսչյանի ծննդյան օրն է:
Հիրավի յուրահատուկ ոճով և իմաստով ստեղծագործող
երգիչն իր ուրույն դերն է ունեցել և այժմ էլ ունի հայ երգարվեստի և ինչու չէ մշակույթի
ձևավորման գործում: Թեև այսօր շատերի ֆեյսբուքյան էջերը ողողված են շնորհավորանքներով,
սակայն միայն այսօր չէ, որ պիտի հիշենք և գնահատենք նրա մեծագույն ավանդը և աշխատանքը:
Թերևս նախանձից, չկամությունից, կամ պարզապես
Մեսչյանին չհասկանալու պատճառով է, որ այսօր հաճախ ենք լսում դժգոհություններ նրա վատատեսության,
երգերում տիրող <<մռյալության>> մասին. սակայն փաստենք որ իր գործերով,
իր երգերով գաղափարի մարտիկը ծառայում է իր ժողովրդին. իսկ երգերում միայն իրականության
արդի գաղափարներն են, երևույթները...որոնց դեմ յուրաքանչյուրս յուրովի ենք պայքարում
(եթե մեզ ազգի զավակ ենք համարում), իսկ ամենահայը պայքարում է իր զենքով` գաղափարի
զենքով` խոսքով...երգով...ՍԻՐՈՎ:
Հային մաղթենք այն ամեն բարին, որը կծառայեցվի
իրենով իրենների համար:
Ստորև ներկայացնում ենք մեծանուն երաժիշտի
կենսագրությունն ու անցած ուղին:
Արթուր Մեսչյանը ծնվել է 1949 թ-ի մարտի 3-ին Երևան քաղաքում: Փոքր հասակից հետաքրքրվել է երաժշտությամբ և նկարչությամբ: Մանուկ հասակում երգում էր հայկական և ռուսական երգեր, հետագայում նաև՝ իտալական, անգլիական, ֆրանսիական, լեհական ու հունգարական: Յոթ տարեկանից հաճախել է Երևանի Ա. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոց` ջութակի ու դաշնամուրի դասերի, նաև երգել Ա. Սպենդիարյանի անվան ազգային ակադեմիական օպերայի և բալետի թատրոնի տղաների երգչախմբում: Դպրոցական տարիներին սկսում է երաժշտություն գրել: Հասուն տարիքում` 1973 թվականին, մոտ մեկ տարի Արթուր Մեսչյանը երգում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երգչախմբում, ինչը հետագայում մեծ ազդեցություն է թողնում իր ստեղծագործությունների վրա:
Դեռևս դպրոցում ուսանելու տարիներին՝ 1965 թ., գրվում են ««Ու՞ր էիր Աստված», «Կտակը» և «Ծերունի» երգերը: Առաջին անգամ «Ու՞ր էիր Աստված» երգը հանդիսատեսի համար կատարվում է Երևանի թիվ 122 միջնակարգ դպրոցում, որտեղ և սովորում էր Ա. Մեսչյանը: 1966 թ. ընդունվում է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետա-շինարարական ֆակուլտետ: Մասնագիտության ընտրության հարցում մեծ դեր է խաղում մտերմությունը հայտնի պատմաբան, ազգագրագետ Հովսեփ Օրբելու աշակերտ՝ Սեդրակ Բարխուդարյանի հետ: 1967-ին ստեղծվում է «Առաքյալներ» ռոք խումբը, որը սկզբնական շրջանում չուներ սեփական անվանում և հանդես էր գալիս որպես ճարտարապետական ֆակուլտետի խումբ: Խմբում բացի Մեսչյանից (հեղինակ, վոկալ, կիթառ, ստեղնաշարային և ջութակ) ընդգրկված էին նաև Լևոն Մելիքյանը (բաս կիթառ) և Գրիգոր Նալբանդյանը (հարվածային գործիքներ): Արդեն երրորդ կուրսում խումբը հադես է գալիս համերգներով, որոնք հսկայական հաջողություն են ունենում ուսանող երիտասարդների շրջանում: Միաձուլելով հայ հոգևոր երաժշտությունը այդ տարիներին ծաղկում ապրող ռոքի հետ` խումբը անմոռանալի տպավորություն է թողնում ունկնդիրների վրա և դառնում է իսկական հայտնություն:
1972-ին Մեսչյանը գերազանց պաշտպանում է դիպլոմային աշխատանքը և ԽՍՀՄ-ի նկատմամբ ունեցած «անհավատարմության» պատճառով ստիպված է լինում աշխատանքի որոնման երկարատև փորձությունների միջով անցնել: Միայն 1974 թվականին Մեսչյանը ընդունվում է աշխատանքի «Հայպետնախագիծ»-ում, և մասնակցում է “Զվարթնոց” օդանավակայանի նախագծման աշխատանքներին: 1973 թ.-ին Արթուր Մեսչյանը երգում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երգչախմբում, որտեղ և ծանոթանում է Ն.Ս.Օ.Տ.Տ. Վազգեն I Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ: Վերջինս բավական մեծ համակրանք էր տածում երիտասարդ երաժշտի և նրա արվեստի նկատմամբ, ինչն էլ հիմք հանդիսացավ, որպեսզի 1974 թ.-ին Մեսչյանին առաջարկվի Եղեռնի Զոհերի հիշատակին նվիրված Ռեքվիեմ գրել: Տեքստային նյութերի որոնման ընթացքում Մեսչյանի ուշադրությունը գրավում է արևմտահայ բանաստեղծ Մուշեղ Իշխանի «Տառապանք» բանաստեղծությունների ժողովավածուն, որը ԽՍՀՄ-ում արգելված գրականություն էր համարվում: Հեղինակի թույլտվությամբ Մեսչյանը օգտագործում է նրա բանաստեղծությունները «Ռեքվիեմ»-ը ստեղծելու համար: Ստանալով Կաթողիկոսի օրհնությունը` 1975 թվականին «Ռեքվիեմ»-ը առաջին անգամ կատարվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վեհարանում` Հայաստանի և սփյուռքի մշակութային վերնախավի ներկայությամբ Կաթողիկոսի աջակցությամբ, և մեծ դժվարություններ հաղթահարելով հաջողվում է կատարել ձայնագրությունը, սակայն ԽՍՀՄ-ում այս տեսակի ստեղծագործությունների թողարկումը անհնար էր: ԱՄՆ-ում ձայնագրելու ու թողարկելու գաղափարը խափանվեց, քանի որ «Ռեքվիեմ»-ի երգերը առանց հեղինակի իմացության և թույլտվության արդեն 1975 թվականին հայտնվում են նահանգներում, և շատ երգեր խեղաթյուրվեով Հարութ Փամբուկչյանի կողմից, կատարվում են ռեստորանային միջավայում: Այդ դեպքից հետո երկար տարիներ Մեսչյանը «Ռեքվիեմ»-ից ոչ մի երգ չէր կատարում, սակայն հետագայում ընկերների և երկրպագուների խնդրանքով մոտավորապես 15 տարի անց մի քանի երգեր որոշակի վերամշակված տեսքով ընդգրկվում են նրա 90-ականների սկզբերին թողարկված ձայնասկավառակներում: Հաջորդ տասնամյակի սկզբերին «Առաքյալներ»-ը անսպասելիորեն անհայտացան երաժշտական բեմից:
1989 թ-ին` դեռևս Խորհրդային իշխանությունների օրոք, Մեսչյանը կնոջ և երկու որդիների հետ տեղափոխվում է Բոստոն (ԱՄՆ), որտեղ նրան վերջապես հաջողվում է ձայնագրել երկու տասնամյակում կուտակած ստեղծագործությունները: ԱՄՆ-ում գտնվելու առաջին տարիները բավական դժվար էին Մեսչյանի համար` հարմարվելու գործընթացը, աշխատանքի որոնումը, ծանր ֆինանսական վիճակը (տեղափոխվելուց անմիջապես հետո նա հրաժարվեց ներգաղթյալների համար նախատեսված պետակական ֆինանսական աջակցությունից` գտնելով, որ իրավունք չունի գտնվել պետական հոգածության ներքո նույնիսկ օրինավոր հիմունքներով): Չնայած դժվարություններին 1989 թ.-ին երկրպագուների բազմաթիվ խնդրանքներից հետո Մեսչյանը իր առաջին համերգն է տալիս Բոստոնի Հայկական եկեղեցում: 1996 թ.-ին, գտնվելով ԱՄՆ-ում, Մեսչյանը ՀՀ կառավարությունից հրավեր է ստանում Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնը զբաղեցնելու առաջարկով: Վերադառնալով Հայաստան` Արթուր Մեսչյանը սկսում է իր գործունեությունը որպես գլխավոր ճարտարապետ: Վերաբերվելով գործին մեծ պատասխանատվությամբ` անմիջապես սկսում է իրականացնել վերափոխումներ, ուղղված առ այն, որպեսզի կարգավորվեն և թափանցիկ դառնան քաղաքաշինությանը վերաբերող որոշումները: Սակայն անմիջապես հանդիպում է իշխանությունների կոշտ դիմադրությանը, մասնավորապես Երևանի քաղաքապետի, ում խնդրանքով և առաջարկով էլ Մեսչյանը ստանձնել էր այդ պաշտոնը: Հասկանալով, որ նման իրավիճակում իր բոլոր ջանքերը ապարդյուն են` Մեսչյանը 1997 թվականի փետրվարին հրաժարվում է Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնից և վերադառնում է Բոստոն:
2001-ին Արթուր Մեսչյանը լույս է ընծայում երգերի հավաքածուն` բաղկացած 4 սկավառակից (Hit
Collection), որտեղ ընգրկված էին իր` «The monologue of a Crazy
Violinist («Ցնորված ջութակահարի մենախոսությունը») «Catharsis»-ը,
«Catharsis 2»-ը և «Communion» («Հաղորդությունը»): 2003 թ.-ին Մեսչյանը համերգ է տալիս Լոս Անջելոսի Կոդակ համերգասրահում, որտեղ ներկայացնում է նոր կատարումներ` այդ թվում “Սայաթ-Նովա” ստեղծագործությունը: Արթուր Մեսչյանի` իրադարձություններով լի կյանքում նոր էջ բացվեց 2005 թ.-ին, երբ 17 տարի ԱՄՆ-ում անցկացնելուց հետո, կնոջ հետ վերադարձավ հայրենիք: Վերդարձին հաջորդած համերգաշարը մեծագույն իրադարձություն էր Մեսչյանի արվեստի բազմաթիվ սիրահարների համար, ում բախտ վիճակվեց կրկին տեսնել նախկին առաքյալին բեմում:
2005-2006 թթ.-ին Մեսչյանը համերգներ է տալիս Երևանում, Գյումրիում, Վանաձորում: Համերգների տրամաբանական շարունակությունը հանդիսացան երկու համերգային ձայնասկավառակները: 2007 թ.-ին սկսվում է Մատենադարանի նոր մասնաշենքի շինարարությունը` գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի գլխավորությամբ: Շինարարական աշխատանքները հաջողվում է ավարտին հասցնել 2011 թ.-ին: ՀՀ անկախության 20 ամյակի նախօրեին բարձրաստիճան պաշտոնյաների և հոգևորականների ներկայությամբ տեղի է ունենում մասնաշենքի բացման հանդիսավոր արարողությունը: Չնայած զբաղվածությանը` 2009 թվականի աշնանը կայանում են Մեսչյանի համերգները Երևանում, Մոսկվայում, Լոս Անջելոսում, որտեղ նորովի հնչող հին կատարումները զուգակցվում են նոր ստեղծագործություններով: 2011 թ.-ին Արթուր Մեսչյանը պարգևատրվել է «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանով:Արթուր Մեսչյանն 2012 թվականի օգոստոսի 10-ին պարգևատրվել է ՀՀ քաղաքաշինության նախարարության ոսկե մեդալով՝ բնագավառում նշանակալի ավանդի համար: Չնայած երաժշտական ասպարեզում ունեցած մեծ հաջողություններին` Մեսչյանը չի շտապում ներկայացնել նոր աշխատանքները:
Աղբյուրը` miutyunblob.blogspot.com
Աղբյուրը` miutyunblob.blogspot.com
0 Մեկնաբանություններ:
Отправить комментарий