3.10.2013


25-ամյա տղան Գյումրիում հարսանիքի ժամանակ սիրահարվել է հյուրերից մեկին, փախցրել, բայց գործը հարսանիքով չի ավարտվել25-ամյա Կորյուն Գեւորգյանը Գյումրիում հարսանյաց հանդիսության ժամանակ սիրահարվել է անչափահաս հյուրերից մեկին, որոշ ժամանակ անց Էրեբունի բժշկական քոլեջի մոտից փախցրել է նրան, որի համար դատապարտվել է 4 տարի 5 ամիս 28  օր ազատազրկման: Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանիցNEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:
Գործի նյութերի համաձայն` 25-ամյա Կորյուն Գեւորգյանը եւ 26-ամյա Քաջիկ Մուսայելյանը Կ. Գեւորգյանի համար, ամուսնության նպատակով, անչափահաս Զարուհի Մ.-ին առեւանգելու վերաբերյալ նախնական համաձայնության գալով, նույն օրը Երեւան քաղաքի Տիտոգրադյան փողոց 129 հասցեում գտնվող Էրեբունի բժշկական քոլեջի 3-րդ մասնաշենքի դիմացից բռնություն գործադրելու եղանակով առեւանգել են նրան:
Դատարանում տուժող Զարուհի Մ-ն ցուցմունք է տվել, որ  դեպքի պահին եղել է անչափահաս, 2011-ի հոկտեմբերից ճանաչում է ամբաստանյալ Կորյուն Գեւորգյանին, նրա հետ ծանոթացել է Գյումրիում` հարսանիքի ժամանակ։ Դրանից հետո ինքը եւ Կորյուն Գեւորգյանը մի քանի անգամ հեռախոսազրույց են ունեցել, հանդիպել իրար եւ սկսել են ընկերություն անել։
2012թ. ապրիլի կեսերին իրենց հարաբերությունները վերջնականապես խզվել են, քանի որ ինքն այլեւս չէր ցանկանում շարունակել հարաբերությունները, բացի այդ՝ իր ծնողները նույնպես կտրականապես դեմ են եղել իրենց հանդիպումներին։
2012թ. մայիսի 2-ին քոլեջի 3-րդ մասնաշենքի հատվածում մոտեցել է  «ՎԱԶ 2107» մակնիշի տաքսի ավտոմեքենա, որի միջից իջել է Կորյունը։ Իրեն են մոտեցել նաեւ Կորյունի երկու ընկերները, որոնցից մեկի անունը Քաջիկ է, իսկ մյուսինը` Գեւորգ։ Կորյունը ձեռքով փակել է իր բերանը, մեջքի հատվածից գրկել է իրեն, իսկ երկու ընկերները` Քաջիկը եւ Գեւորգը, բռնելով իր ոտքերից, հարկադրաբար նստեցրել են ավտոմեքենան։
Աղջիկը բղավել է, սակայն Կորյունը նորից փակել է նրա բերանը։ Նրան մեքենայով սկզբում տարել են Քանաքեռավան, հետո` Գորիս, Կորյունի եղբոր տուն:
Կորյունի ազգականներից մեկը Զարուհուն ասել է, որ կամ ինքը թող զանգի ծնողներին, ասի, որ ամեն ինչ նորմալ է, ինքը մնում է, կամ գնա Գորիսի ոստիկանություն եւ հայտնի, որ ինքն իր կամքով է փախել։ Աղջիկը պատասխանել է, որ կգնա ոստիկանություն` միայն այն պատճառով, որ չէր ցանկանում մնալ նրանց հետ եւ ուզում էր իրեն տուն տանեն։ Դրանից հետո իրենք գնացել են ոստիկանություն, որտեղ հայտնել է, որ իր կամքով է եկել։ Ոստիկանություն է եկել իր հայրը եւ միասին վերադարձել են Երեւան։ Քննելով գործը` դատարանը փետրվարի 27-ին վճռել է ամբաստանյալ Կորյուն Գեւորգյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 4-րդ կետերով նախատեսված հանցանքի կատարման մեջ եւ նրա նկատմամբ քրեական պատիժ կիրառել՝ դատապարտելով ազատազրկման 4 տարի 5  ամիս 28  օր ժամկետով: Իսկ Քաջիկ Սեյրանի Մուսայելյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 4-րդ կետերով նախատեսված հանցանքի կատարման մեջ եւ նրա նկատմամբ քրեական պատիժ կիրառել՝ դատապարտելով ազատազրկման 4  տարի ժամկետով:

0 Մեկնաբանություններ:

Отправить комментарий

Related Posts Plugin for WordPress, Blogger...