3.05.2013


Վազգեն Սարգսյանը այսօր կլիներ 54 տարեկան: Մարտի 5-ը սպարապետի ծննդյան օրն է
Ուղին, որ նա անցավ անգնահատելի է, հավերժական:
Վազգեն Սարգսյանը ծնվել է 1959թ. մարտի 5-ին, Հայաստանի Արարատի շրջանի Արարատ գյուղում։ Գյուղի միջնակարագ դպրոցն ավարտելուց հետո 1979թ. ընդունվել է Երևանի ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտ, որն ավարտելով` դասավանդել է հայրենի Արարատ գյուղի միջնակարգ դպրոցում։
Վազգեն Սարգսյանն ակտիվ հասարակական կյանք մուտք գործեց որպես գրող-լրագրող` հանդիսանալով «Գարուն» ամսագրի հրապարակախոսության բաժնի վարիչ։ Նրա հայտնի գործերից է «Հացի փորձություն» գիրքը, որն այդ տարիներին մեծ հռչակ էր վայելում:
Ազգի ապագան ու խնդիրները մշտապես հուզել են նրան և զարմանալի չէ, որ Արցախյան ազատամարտը շրջադարձային եղավ նրա կյանքում: Շարժման առաջին իսկ օրերից նա ազատամարտիկների շարքերում էր` իբրև արցախյան ազատագրական պայքարի առաջին կազմակերպիչներից մեկը։
Վազգեն Սարգսյանի ավանդը հատկապես մեծ է հայրենի հողն ու սահմանները թշնամու ոտնձգություններից զերծ պահելու, մարտի դաշտում մեր ժողովրդի քաջարի զավակների հաղթանակը կռելու գործում։ Հայկական պետության կայացումը նրա համար գերխնդիր էր, որը նա ևս հաղթահարեց պատվով`զարկ տալով հայկական բանակի կազմավորմանը:
Նա մարտիկ էր և նրա զինվորը մարտիկ չլինել անկարող էր: Սպարապետը հաճախ խիստ էր, անկոտրուն, բայց և շիտակ ու անաչառ, հայրաբար էր մոտենում իր զինվորին, նրա խնդրին:
Ստանձնելով տարբեր պաշտոններ` 1999թ.-ին նա իր վճռորոշ քայլն արեց քաղաքական դաշտում` նախ դարձավ «Հանրապետական» կուսակցության առաջնորդ, ապա` «Միասնություն» դաշինքի համանախագահ։ Խորհրդարանական ընտրություններում «Միասնություն» դաշինքի տարած համոզիչ հաղթանակի արդյունքում` 1999թ. հունիսին դարձավ Հայաստանի Հանրապետության վարչապետ։
1999թ. հոկտեմբերի 27-ը ողբերգական էր համայն հայության համար: Այդ օրը Հայաստանի Հանրապետության վարչապետ Վազգեն Սարգսյանը զոհվեց Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նիստերի դահլիճում, ոճրագործի դավադիր գնդակից, ողբերգական մահով։
Նա զոհվեց, բայց չմեռավ: Նա մեր պատմության կերտողն է, նրա անբաժան մասը: Նա մեզնից մեկն էր, բայց ի տարբերություն մեզնից շատերի, նա պայքարող էր, նա մարտիկ էր

Գայանե Թունյան

1 комментарий:

  1. Յուրաքանչյուր ժողովուրդ, լինի 3 միլիոնանոց, թե 300 միլիոնանոց, միշտ իր միջից կարող է հանել այնքան մարդ, որոնք կարող են երկիրը պահպանել։ Վազգեն Սարգսյան

    ОтветитьУдалить

Related Posts Plugin for WordPress, Blogger...