Գյումրու Ղուկասյան 14 շարք, 13 բնակարան: Այս հասցեում ապրող գյումրեցի Հայթյանների ընտանիքի սոցիալական վիճակը բառերով նկարագրելն այնքան էլ հեշտ չէ: Իմ եւ օպերատոր Համբարձում Պապոյանի պատահական այցելությունը նրանց բնակարան Հայթյանների համար անսպասելի էր. «Վայ, աղջիկ ջան, էնքան վատ եմ զգում մեր տան էս վիճակի համար, ամոթ է, ամառն էլի ոչինչ, հիմի սաղս էս մի սենյակում ենք հավաքվել, 6 անձով, շատ փոքր էս սենյակում, ինչ անենք, վառելիք չկա, ծվարել ենք էս մի անկյունում, բացի էդ, մյուս սենյակները հիմի վտանգավոր են, խոնավ է, պատերից քարեր կթափվին, էս անչափահաս էրեխեքին էնտեղ պահել չի լինի»,- սկզբում այսպես բնորոշեց իրենց պայմանները 4 անչափահաս երեխաների մորական տատը՝ Խանում Հայթյանը:
Ամուսինը մի քանի տարի առաջ է մահացել՝ առողջական խնդիրների պատճառով, ունի երկու որդի եւ մեկ դուստր՝ Էլիզա Հայթյանը, ով 4 անչափահաս երեխաների մայրն է: Որիդիներից մեկն ամուսնացած է, մյուսը Շիրակի մարզի Կապս գյուղում է ապրում, բանվորություն է անում գյուղաբնակների տներում, որի դիմաց իրեն որպես աշխատավարձ վառելիք՝ աթար են տալիս, ինքն էլ բաժին է հանում 6 հոգանոց այս ընտանիքին: Վթարային տան մի սենյակում են հավաքվել, որը ծառայում է ե´ւ հյուրասենյակ, ե´ւ ննջասենյակ, ե´ւ խոհանոց: Չունեն կոմունալ-կենցաղային եւ ոչ մի պայման: Էլիզան պատմեց, որ ամուսնանալուց հետո ամուսնու հետ տեղափոխվել են Ռուսաստանի Դաշնություն:
Սկզբնական շրջանում ամեն ինչ լավ էր, աշխատում էին, գումար վաստակում, աղջիկը ֆինանսապես օգնում էր նաեւ ծնողներին: Ամեն ինչ փոխվեց սակայն այն բանից հետո, երբ ռուս իրավապահները Էլիզայենց տանը թմրանյութ հայտնաբերեցին. «Էդպես էլ չհասկացանք` որտեղի՞ց էդ թմրանյութը բերեցին, դրեցին մեր խոհանոցը, ո՞վ բերեց դրեց, ինչի՞: Ամուսնուս շատ արագ ձերբակալեցին, այդ ամենն էնքան արագ էղավ, որ ես ոչինչ չհասկացա: Միայն մի բան գիտեմ, որ ամուսինս խելոք աշխատող մարդ էր, ու էդ ամեն ինչն ուղղակի կազմակերպվեց, իրան տարան բանտ, ու մինչ օրս ոչ մի լուր չունիմ»,- պատմեց Էլիզան: 2010 թվականից մինչ օրս որեւէ տեղեկություն չունեն երեխաների հորից: Էլիզան ասում է, թե փոքր որդիներն անգամ չեն հիշում հորը, ամեն օր տարօրինակ հարցեր են տալիս, հարցնում, թե, ի վերջո, ե՞րբ է իրենց հայրը Ռուսաստանի Դաշնությունից վերադառնալու, որ իրենք էլ լավ ապրեն.
«Ընդամենը 43 հազար դրամ, դա է մեր եկամուտը, մենակ չնչին սնունդ ենք առնում, ուրիշ ոչ մի բան: Էս շորերը, որ տեսնում եք իրենց հագին, ես չեմ գնել, բոլորը նվիրել են հարեւանները, բարեկամները, ճիշտ է, որպես ծնող ինձ շատ վատ կզգամ, բայց ի՞նչ էնեմ, հասկացեք, շատ դժվար է, ես անընդհատ կմտածեմ, թե ինչ էղավ ամուսինս, տեղյակ չեմ էլ, թե քանի տարի են տվել»,-արցունքոտ աչքերով պատմեց Էլիզան: Ոչ նրան, եւ ոչ էլ մորը՝ տիկին Խանումին, չի հաջողվում Գյումրիում աշխատանք գտնել, որեւէ աջակցող չունեն, ապրում են հույսով, որ մի օր այս դժվարին վիճակը կարողնալու են հաղթահարել.
«Ես տատիկ եմ, բայց չեմ կարող թոռներիս համար մի բան գնել, անկարող եմ, հասկացեք, ի՞նչ անեմ, չեմ կարող նայել իրենց աչքերի մեջ ու անընդհատ ասել, որ չկա փող, չկա: Էս քանի տարի էլ երազում եմ, որ էս էրեխեքը կարողանան նորմալ ապրեն, որ անընդհատ հարեւանի դուռը չլինի իրանց աչքը, գուկան կսեն` տատիկ, էս մեկը էս է հագել, էն մեկը նոր պայուսակ ունի, իսկ մենք էդ ամեն ինչի մասին չենք մտածե, ընդամենը կմտածենք ես ու աղջիկս` ինչ էնենք, որ էդ օրը սոված չմնանք»,- նշեց տիկին Խանումը:
Իսկ փոքրիկների պահանջածը մի մեծ բան չէ. «Կարմիր գնդակ, որ գոլ խփեմ»,- ասաց 6-ամյա Արմենը՝ պատասխանելով մեր այն հարցին, թե ինչ է ուզում ունենալ: Իսկ ընտանիքի ամենամեծ զավակը՝ 9-ամյա Արմինեն հուզվեց եւ չկարողացավ պատասխանել մեր հարցերին. «Ես ամաչում եմ, որ մենք աղքատ ենք»,- ասաց նա:
Հերմինե Մկրտչյան
Ֆոտոշարքը՝ Համբարձում Պապոյանի
galatv.am
0 Մեկնաբանություններ:
Отправить комментарий