4.04.2013


Գյուղնախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2013թ. փետրվարի 6-ի հրամանով նախատեսված էր Հայաստան ներկրվող 7 անուն սառեցված հավի, հավի քառորդի եւ ազդրամսի փորձաքննություն իրականացնել՝ սննդամթերքի անվտանգությունը եւ գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների առկայությունը բացահայտելու համար: Դիտարկման ժամանակամիջոցում հրամանում նշված 7 անուն ներկրվող թռչնամսի տեսականուց մայրաքաղաքի Կոմիտասի 60/2 հասցեում գտնվող «Երեւան սիթի» սուպերմարկետում առկա էր երեքը` սառեցված հավ «Սադիա», սառեցված ճուտ «Ֆրանգոսուլ» (DOUX) եւ սառեցված հավի ազդրամիս` «Պոլիգրիմ»: «Երեւան սիթի» սուպերմարկետների ցանցը հայտնի օլիգարխ Սամվել Ալեքսանյանին է պատկանում եւ սուպերմարկետի տնօրինությունը մեզ խորհուրդ չտվեց այլ տեղ փնտրել մյուս տեսականիները, քանի որ հանրապետությունում թռչնամսի միակ ներկրողը դարձյալ Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Գրիգ» ընկերությունն է:
Նմուշառված թռչնամիսը հանձնվեց փորձաքննության՝ մանրէաբանական, անտիբիոտիկների եւ հորմոնների առկայությունը ստուգելու նպատակով: Հորմոնալ փորձաքննությունն իրականացնող «Ստանդարտ դիալոգ» ՍՊԸ-ի փորձարկման լաբորատորիան ներկայացված 3 տեսակի նմուշներից երկուսում՝ սառեցված հավ «Սադիա», սառեցված ճուտ «Ֆրանգոսուլ» (DOUX), տեստոստերոն հորմոնի մեծ քանակություն հայտնաբերեց: Որքան էլ զարմանալի է, սակայն «Պոլիգրիմ» տեսակի հավի ազդրամսում հորմոնների քանակությունը նորմայի սահմանում է եղել:  
Աշխատանքային խումբը, որում, Ծառայության Երեւանի կենտրոնի մասնագետներից բացի, մեր՝ «Հետաքննող լրագրողներ» կազմակերպության առաջարկով ընդգրկված էին նաեւ Թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը եւ «Հայաստանի սպառողների միություն» հ/կ նախագահ Արմեն Պողոսյանը, միաժամանակ պետք է դիտարկեր նշված թռչնամսի պիտանիության ժամկետի, անվտանգության ու որակի պահանջներին համապատասխանությունը: Աշխատանքային խումբը պարզեց նաեւ, որ սառեցրած ճուտ «Ֆրանգոսոլ» (DOUX), սառեցված հավ «Սադիա», սառեցված հավի բուդ «Պոլիգրիմ» արտադրատեսակների պիտակների վրա առկա են նաեւ հայերեն մակնշման անհամապատասխանություններ, իսկ կշռածրարված քառորդ հավերի վրա ընդհանրապես մակնշումը բացակայում էր:
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Ղուլյանը տեղեկացրեց, որ թույլատրված քանակից բարձր հորմոններն արդեն վտանգավոր են համարվում, եւ լաբորատոր փորձաքննության արդյունքները ցույց են տալիս, որ նշված երկու տեսակի հավերըվտանգավոր սննդատեսակ են եւ դրա հետ կապված համապատասխան գործողություն են կատարել: Ծառայության պետ Աբրամ Բախչագուլյանի հրամանով «Ալեքս Գրիգ» ընկերությունում իրականացված դիտարկմանը հաջորդել է ստուգումը, փորձաքննվում են ընկերության պահեստում առկա թռչնամսի խմբաքանակները: Արդյունքները դեռեւս հայտնի չեն: Աշխատակազմի ղեկավարի տեղակալի խոսքով, Ծառայության պետը միաժամանակ հանձնարական է տվել, որ բոլոր սահմանային անցակետերում այսուհետ «Սադիա» եւ «Ֆրանգոսուլ» (DOUX) հավերի ապրանքատեսակները երկիր ներմուծելիս պարտադիր ենթարկվեն փորձաքննության, որից հետո թույլատրվի ներմուծումը:
«Ներմուծված մյուս խմբաքանակում էլ եթե պարզ դառնա, որ հորմոնների չթույլատրված չափաքանակը կանոնավոր բնույթ է կրում, այս ապրանքատեսակներն արդեն վտանգավոր կճանաչենք եւ ներմուծումը կարգելենք»,- հայտնեց Դավիթ Ղուլյանը:
Մեր այն հարցին, թե ինչո՞ւ մինչ այդ չէին ստուգում ներկրված թռչնամսի որակի համապատասխանությունը, պրն Ղուլյանը պատասխանեց, որ ՀՀ կառավարության 1442 –Ն որոշումը ներկրվող ապրանքի համար հիմք է համարում ուղեկցող փաստաթղթերի առկայությունը եւ ծառայությունը չի կարող անտեսել ուղեկցող փաստաթուղթը: Պրն Ղուլյանին հիշեցրինք, որ Եվրոպան ու Ռուսաստանը հորմոնների անթույլատրելի չափաքանակների պատճառով վաղուց արգելել են ամերիկյան եւ բրազիլական մսի ներկրումը: «Եթե մենք էլ ճանաչենք վտանգավոր, մենք էլ կարգելենք,- եղավ պատասխանը:
Ագրարային համալսարանի անասնաբուժական սանիտարական փորձաքննության ամբիոնի վարիչ, անասնաբուժական գիտությունների թեկնածու, դոցենտ Նաիրա Խաչատրյանը, մեր խնդրանքով անդրադառնալով ուղեկցող փաստաթղթի հիման վրա ներկրվող սառեցված թռչնամսի վաճառքը թույլատրելուն, հայտնեց, որ մեր երկիրը դրանք Բրազիլիայից, Հնդկաստանից ներկրում է զուտ սերտիֆիկատի հիման վրա, որտեղ մի նախադասությամբ գրվում է, որ հորմոններ չեն օգտագործվել, բայց ոչ մի երաշխիք չունենք, որ այդ կենդանին չի կերակրվել հորմոնալ պրեպարատներով: «Կենդանին նման տեսք չի կարող ունենալ առանց այդ պրեպարատների, բնականաբար, տալիս են համակցված կերեր, որի մեջ նաեւ տեստոստերոն հորմոնն է: Մսամթերքի մեջ հորմոն հասկացություն ընդհանրապես չպետք է լինի»,- հայտնեց Նաիրա Խաչատրյանը:
Անասնաբուժական գիտությունների թեկնածուն նշեց, որ տեստոստերոնը սեռական համակարգի հորմոն է, որը շատ մեծ աճ է տալիս կենդանուն, զարգացնում է մկանային համակարգը, բայց խախտում է օրգանիզմի նյութափոխանակությունը, բացի դրանից, միսն այնքան էլ համեղ չի: «Հորմոնալ սնունդ օգտագործողների մոտ կարող են առաջանալ նյութափոխանակության խանգարումներ, մտավոր խանգարումներ: Հորմոնները մի կողմից կարող են աճ տալ, մյուս կողմից՝ տեստոստերոնը կարող է նպաստել ուռուցքային օջախների զարգացմանը, եթե դրանք կենդանուն տրվի ոչ չափավոր քանակով: Մարդը, եթե հաճախակի սնվի այդ սնունդով, շատ հնարավոր է, որ ինքն էլ հիվանդանա: Մեզ մոտ ուռուցքային հիվանդությունները որտեղի՞ց են այսքան տարածված: Պատճառը սնունդն է՝ հորմոնները, քիմիական նյութերը»,- հայտնեց Նաիրա ԽաչատրյանըՎերջինս նշեց, որ նույնիսկ youtube-ում կան տեսանյութեր, երբ հավին այնքան շատ են հորմոններ տալիս, որ իր քաշը չի կարողանում պահել, եւ ոտքերը կոտրվում են:
ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգենիկ եւ հակահամաճարակային տեսչության սնուցման եւ սննդամթերքի անվտանգության բաժնի պետ Մարգարիտա Բաբայանըբացատրում է, որ հորմոնները ներզատիչ գեղձերի կողմից արտադրվող նյութեր են, որոնք անհրաժեշտ են օրգանիզմի նորմալ կենսագործունեության համար: Անասնապահության մեջ հորմոններն օգտագործվում են կենդանիների աճը, կաթնարտադրությունը, մսարտադրությունը խթանելու եւ այլնի համար: Օգտագործվում են հիմնականում իգական (էստրադիոլ), արական (տեստոստերոն) սեռական հորմոններ, ինչպես նաեւ հղիության հորմոնը՝ պրոգեստերոնը: Հորմոնների սահմանային թույլատրելի քանակություններից բարձր պարունակությամբ սննդամթերք օգտագործելու դեպքում օրգանիզմում կարող են առաջանալ՝
  • հորմոնային հավասարակշռության խանգարումներ՝ դիսբալանս,
  • կարող են հանգեցնել կրծքագեղձի եւ շագանակագեղձի ուռուցքների առաջացմանը,
  • առաջացնել աուտոիմուն հիվանդություններ՝ ալերգիա, ասթմա եւ այլն,
  • խախտել օրգանիզմի վերարտադրողական ֆունկցիան,
  • հղիության ժամանակ նպաստել պտղի աճի խանգարմանը,
  • հորմոնները հատկապես վտանգավոր են երեխաների եւ դեռահասների համար, երեխաների մոտ կարող են առաջացնել վաղաժամ սեռական հասունացում, մազակալում եւ այլն:  
Մասնագետները մսամթերքում ավելի վտանգավոր են համարում հորմոնների, քան մանրէների առկայությունը: Նշում են, որ հորմոնը ինչպիսի ազդեցություն ունեցել է կենդանու վրա, նույնկերպ կազդի մարդու օրգանիզմի վրա: Ն. Խաչատրյանը ներկայացրեց ամերիկացի մասնագետների կարծիքը, համաձայն որի՝ երեխաներին ընդհանրապես պետք է արգելվի հորմոնալ սնունդ օգտագործելը:
Առողջապահության նախարարության սնուցման եւ սննդամթերքի անվտանգության բաժնի պետ Մարգարիտա Բաբայանը օրինակ բերեց Պուերտո Ռիկոյում երեխաների վրա իրականացրած փորձարկումը, որի արդյունքում եզրակացրել են՝ ովքեր շատ են միս գործածում, նրանց մոտ մազակալում, սեռական վաղաժամ հասունացում է տեղի ունենում: Տկն Բաբայանը նշեց, որ հորմոնները փոփոխության են ենթարկում օրգանիզմի ֆունկցիաները, մասնավորապես տեստոստերոն հորմոնը օրգանիզմում արական հորմոնների քանակն է ավելացնում: «Ընդհանրապես ռիսկային խմբերի մոտ՝ երեխաների, հղիների, հետեւանք թողնում է: Հղիների համար վտանգավոր է այն առումով, որ երեխայի մոտ հետագայում հորմոնային խախտումների կարող է հանգեցնել»,- հայտնեց տկն Բաբայանը:
Մարդու օրգանիզմի վրա հորմոնների խիստ բացասական ազդեցությունն ընդգծելով հանդերձ, միաժամանակ մտահոգիչ համարելով «Ստանդարտ դիալոգ» ՍՊԸ-ի փորձարկման լաբորատորիայի տված եզրակացությունը, ըստ որի «Ֆրանգոսուլ» (DOUX) հավի մեջ տեստոստերոնի քանակությունը եղել է 92.041 մգ, «Սադիա» հավի մեջ 66.104 մգ, իսկ Կառավարության որոշումով նվազագույն քանակ է սահմանված 0,03 մգ-ը, տեղացի մասնագետներն, այնուամենայնիվ խուսափում են խուճապային տրամադրություն ստեղծելուց՝ ասելով, թե ներկրված թռչնամիսը լայն սպառում չունի:
Թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանի տվյալներով՝ Հայաստանում վերջին 3-4 տարիներին տարեկան միջին հաշվով 36-37 հազար տոննա թռչնամիս է սպառվում, որից 10-12 հազար տոննան է տեղական արտադրության, որը կազմում է ամբողջ սպառման 20-22 %-ը: Մնացածը սառեցված թռչնամիսի տեսքով ներկրվում է ԱՄՆ-ից, Բրազիլիայից:
ՀՀ առողջապահության նախարարության ներկայացրած վիճակագրական տվյալների համաձայն՝ վերջին տարիներին Հայաստանի բնակչության շրջանում ընդհանուր մահացածության կառուցվածքում առաջին տեղը զբաղեցնում են արյան շրջանառության համակարգի հիվանդությունները՝ 48%, իսկ երկրորդ տեղում չարորակ նորագոյացություններն են՝ 19.9%: Ուռուցքային հիվանդություններն աճելու միտում ունեն, բացարձակ թվերով2009թ.-ին հիվանդների քանակը եղել է 50358; 2010թ.-ին՝ 54650, իսկ 2011թ.-ին՝ 57474 :
Առհասարակ, «Ստանդարտ դիալոգ» ՍՊԸ-ի լաբորատորիայի փորձաքննության համար ընտրված հորմոնների տեսակի ընտրությունը մասնագիտական վեճի առարկա է: Կառավարության համապատասխան որոշումը, որին հղում է կատարել լաբորատորիան փորձաքննությունն իրականացնելիս, թռչնամսի մասով նշված հորմոնների խմբի մասին ոչինչ չի նախատեսում: «Ստանդարտ դիալոգ» ՍՊԸ-ի փորձարկման լաբորատորիայի ղեկավար Կարեն Դարբինյանը պնդում է, որ նշված հորմոնները ստերոիդների խմբի հորմոնների մեջ են մտնում, որի համար նորմատիվ փաստաթուղթը նվազագույն շեմը սահմանել է:











hetq.am

0 Մեկնաբանություններ:

Отправить комментарий

Related Posts Plugin for WordPress, Blogger...