3.07.2013


Ժամացույցի փոքր սլաքը 11 – ի մոտ այնքան սպասեց, մինչև մեծը շրջաանցեց նրան: Գիշերվա սևության գրիչս սահեց թղթի վրայով ու սկսվեց ամեն ինչ:
            Առջևիս պարբերականներից մեկում Սկոնսեզեի հետ հարցազրույցի էջն էր բացված, իսկ մյուսին ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի երկրորդ կուրսի ուսանողուհի Էսինչ Էսընչյանի մի կարճ երկարության հոդված էր: Սկոնսեզեն ասում էր, որ ճանաչում է Ազնավուրին ու Ջիգարխանյանին, բայց սիրում է Փարաջանովի ֆիլմերը: Է. Էսընչյանը նկարագրում է մեր իմ երիտասարդությունը: Նա պատմում է, որ ԵՊՀ գլխավոր մասնաշենքի առջև կանգնած մի երիտասարդ սպիտակ հագուստի հետ սև ակնոց է կրում ու զարմանում է: Ես խոսում եմ հեռախոսով ու նա դա նույնպես նկատում է: Սկոնսեզեն ասում է, որ հայ երիտասարդների մեջ տարօրինակ լռություն կա, իսկ աղջիկների մեջ սևաչությունն ու հոլանի կազմվածքը թողած` նկարագրում է պճնամոլությունը: Ժուռնալիստիկայի 2–րդ կուրսում սովորող աղջիկը (ներեցեք, եթե սխալվեմ) մեջբերում է այս խոսքը: Անծանոթ զանգին ես պատասխանեցի պարզ ու հասարակ.
-Լսում եմ:
-Ուր ես:
-Քաղաքում քայլում եմ:
-Մոտդ փող կա:
-Հա: (Ճանաչել եմ, բայց վերջում կասեմ. Հիմա չեմ ուզում ընդհատել): Ինչքան:
-Որ կայարանից տուն հասնեմ:
-Ինչ կայարան:
-Երևանում եմ: Ս. Դ. կայարանում: Բայց ոչ մեկին բան չասես, ոչ մեկը չգիտի, որ եկել եմ:
            Հասմիկս էր: Գյուղից մի օրով եկել էր: Չգիտեմ`ինչու ցանկացել էր տեսնել ինձ ու մի նման §չգիտեմ ինչու¦-ով էլ եկել էր քաղաք: Դե, եկել եկել էր, ես էլ օդով գնում էի նրան դիմավորելու: Ու հանկարծ ոտքիս տակ դատարկ մի շիշ է ընկնում: Կողքով անցնող սև Lincoln-ի մեջ մի ծերուկ քմծիծաղում է: Հետո, իր հարցազրույցի ժամանակ, հիշելով այս դրվագը, պարոն Սկոնսեզեն նշում է. Երևանում երիտասարդներն ինչ անուշադիր են շրջակա միջավայրի հանդեպ: Օրիորդ Է. Էսընչյանը մեծագույն բավարարվածությամբ արտատպում է այս ամենը:
            Իսկ ես հանգիստ վերցնում եմ դատարկ շիշն ու մինչև աղբարկղ ձգվող հարյուր մետրը տանում հետս: Խցանման մեջ հայտնված մեքենայից նույն ծերուկը հազիվ տեսնող աչքերը արհամարանքով մի կողմ է թեքում:
            Հարցազրույցի դահլիչում հանկարծ երեք րոպեանոց ընդմիջում տիրեց. սպիտակած Սկոնսեզեն աջ ցուցամատը ճակատին դրած, աչքերը փակել ու մտածում է: §Ի դեպ, կան նաև բացառություններ¦,- և պատճենահանման թանկ արժեցող սարքավորման նման ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի երկրորդ կուրսի ուսանողուհի Էսինչ Էսընչյանը շարում է տառերը:
            Քաղաքակիրթ Եվրոպայի մեծ ներկայացուցիչն իր ելույթն ավարտոց 3 ժամ 8 րոպեից: Հետո դուրս եկավ: Իր սպիտակ Lincoln -ի  սև ապակիներից նա նկատեց, որ Հասմիկը վազում է` ձեռքին իմ օրագիրը: §Ինչ գռեհիկ են ձեր տղաները¦,-անցավ ծերուկի մտքով: Կանգառում սպասող Է. Էսընչյանը 60 մետր հեռավորությունից կարդաց նրա մտքերն ու երրորդ դասարանցու նման ձեռքը թափահարեց մոտեցող ավտոբուսը կանգնեցնելու համար:
            Հաջորդ փողոցում արդեն, ուր հյուրանոցն էր և պարոն Սկոնսեզեն պիտի իջներ, նա նկատեց ձեռք-ձեռքի բռնած մի զույգ: Հասմիկի ձեռքին մի փոքրիկ վարդ կար: Իսկ Եվրոպայի կենդանի լեգենդը մտածեց. §Հայերի մոտ սիրելու դեռ նախնադարյան ձևերն են¦:
            Բայց այս մասին նա կհայտարարի հաջորդ ասուլիսի ժամանակ և այդ տողը կհայտնվի աշխարհի բոլոր հեղինակավոր պարբերականների առաջին էջում` Մարտին Սկոնսեզեի մեծ լուսանկարի տակ:
            Ես կվերցնեմ այդ բոլոր պարբերականներն ու կկարդամ, թե ինչ են գրում իմ մասին թերթերը...


Հեղինակ` Արամ Փարսադանյան

0 Մեկնաբանություններ:

Отправить комментарий

Related Posts Plugin for WordPress, Blogger...